Ի՞նչ է ԱՊՊԱ-ն
ԱՊՊԱ-ն Ավտոտրանսպորտային միջոցների
պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որը երաշխավորում է
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց կյանքին և
(կամ) գույքին պատճառված վնասների փոխհատուցումը։
ՈՒ՞մ համար է ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է ՀՀ տարածքում հաշվառված և (կամ) ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցների համար։
(Բացառություն են կազմում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցները)։
Ո՞վ կարող է կնքել ԱՊՊԱ պայմանագիրը
- ավտոմեքենաների սեփականատերերը,
- ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները,
- ավտոմեքենաները ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք` անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից։
Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ծածկույթը
ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`
անձնական վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար 33 000 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար` 3 300 000 ՀՀ դրամ,
գույքային վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար 18 000 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար`1 800 000 ՀՀ դրամ։